ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երբ բարձրանում է վարագույրը

Երբ բարձրանում է վարագույրը
06.09.2013 | 13:30

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործող 10-ից ավելի թատրոնների տնօրեններ օրերս ներկայացրին իրենց առաջիկա ծրագրերն ու խաղացանկը: Երևանում և ՀՀ մարզերում թատերական նոր խաղաշրջանը խոստանում է լինել բազմազան և հագեցած ուշագրավ բեմադրություններով:

ԳԵՂԵՑԻԿ, ՏԵՍԱՆԵԼԻ ԹԱՄԱՇԱ` ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՈՒՄ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր աշնանային խաղաշրջանը կսկսի սեպտեմբերի 14-ին, հանդես կգա ինչպես խաղացանկային, այնպես էլ նոր բեմադրություններով: Հոկտեմբերին նախատեսվում է երկու պրեմիերա` Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդը» (ռեժիսոր` Ա. Սահակյան) և «Մադագասկար» մանկական ներկայացումը (ռեժիսոր` Վ. Ստեփանյան): Վերջին բեմադրության համար, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի տեղեկացմամբ, 7 միլիոն դրամ է ծախսվել. «Շատ գեղեցիկ մյուզիքլ է` շոու ծրագրի տեսքով: 15-20 պրոֆեսիոնալ դերասան է մասնակցում: 14 նոր երգ է գրվել այդ ներկայացման համար: Գեղեցիկ, տեսանելի թամաշա է լինելու` թե՛ մեծերի, թե՛ երեխաների համար»:
Շեքսպիրյան «Ռիչարդ Երրորդը» նույնպես բավականին թանկ ներկայացում է և ենթադրում է ծանր աշխատանք: Գլխավոր դերերից մեկը պետք է մարմնավորեր սիրված դերասան Ազատ Գասպարյանը: Թատրոնի տնօրենն ընդգծեց, որ դերասանի փոփոխությունը կատարվել է նրա մահից հետո միայն:
Թատրոնը նաև նախատեսում է Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացմամբ հյուրախաղով հանդես գալ Արցախում:

«ԿԱՐԻՆԵ» ՕՊԵՐԵՏԻ ԲԵՄԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն իր 71-րդ թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 18-ին: Թատրոնն իր 70-ամյակը չի տոնել Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի նախապատրաստական աշխատանքների պատճառով:
«Օպերետի ստեղծագործական աշխատանքները ընթացքի մեջ են, մինչև տարեվերջ, ամենաուշը գարնանը, կհանձնենք հանդիսատեսի դատին»,- տեղեկացրեց երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, նշելով, որ թատրոնի հոբելյանը տոնելու են Չուխաջյանի օպերետով:
Աշնանը այս բեմում նախատեսվում է նաև «Սիրո երգիչը» (պայմանական վերնագիր) օպերետի բեմադրական աշխատանքների իրականացումը (բեմադրիչ` Վահան Բադալյան): Սեպտեմբերին վեց ներկայացում է նախատեսված` «Ատամնաբույժն արևելյան», «Ինձնից պրծում չկա», «Մորգանի խնամին» և այլն: Կլինեն նաև պրեմիերաներ. Երվանդ Ղազանչյանը հանդիսատեսի դատին կհանձնի Նորայր Ադալյանի «Լոմբարդը», տարեվերջին երիտասարդ ռեժիսոր Շուշան Գևորգյանը կբեմադրի Թումանյանի «Անբան Հուռին»:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է»
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 14-ին բացում է 76-րդ թատերաշրջանը: Սեպտեմբերին թատրոնը կունենա 10 ներկայացում հիմնական բեմում, երեք ներկայացում պատանի հանդիսատեսի համար և երեք ներկայացում` փոքր դահլիճում:
Թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 1-ին, 2-ին տեղի կունենա պրեմիերա. Ալեքսանդր Գրիգորյանը կներկայացնի Օստրովսկու «Աշխույժ տեղում» պիեսը, որը կկոչվի «Ամեն ինչ վաճառվում է»: Թատրոնն իր 75-ամյա հոբելյանը կնշի նոյեմբերին` «Ռուսական օրերի» ընթացքում: Չի մոռանա նաև փոքր հանդիսատեսին. դեկտեմբերի 25-ին բեմ կբարձրանա նոր երաժշտական հեքիաթ:

ՇԵՔՍՊԻՐ, ԽԱՐՄՍ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆՈՒՄ
Համազգային պետական թատրոնն իր 23-րդ թատերաշրջանը սկսելու է հյուրախաղերով: Թատրոնըի տնօրեն Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ հրավերներ ունեն ԱՄՆ-ից, ներկայանալու են 4 բեմադրությամբ:
Նոր թատերաշրջանում, խաղացանկային ներկայացումներից զատ, Համազգայինը նախատեսում է երկու պրեմիերա. Վիլյամ Շեքսպիրի «Համլետը» (բեմադրիչ` Վիգեն Չալդրանյան) և Դանիիլ Խարմսի «Խենթերը» պայմանական վերնագրով ներկայացումը (բեմադրիչ` Նարինե Գրիգորյան):

ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Կամերային պետական թատրոնի խաղացանկը կհամալրվի մանկական երաժշտական ներկայացմամբ («Կախարդական պարահանդես», ռեժիսոր` Լուսինե Երնջակյան): Թատրոնի տնօրեն Արա Երնջակյանն ասաց, որ առաջին անգամ են ցուցադրում մանկական ներկայացում, նշեց, որ ավանդույթը կշարունակվի:
Նոր թատերաշրջանում կբեմադրեն «Արմագեդոնը», երկու մոնո ներկայացում, պիեսներ կգրվեն Ռաֆայել Երանոսյանի և Լուիզա Ներսիսյանի համար, մի ներկայացում էլ նախատեսվում է թատրոնի «տարեց» դերակատարների համար: ՈՒ թեև լրացել է կամերայինի 30-րդ թատերաշրջանը, Արա Երնջակյանը նշեց, որ հոբելյաններին չեն հետևում: «Մեր հոբելյանը հանդիսատեսն է, եթե գալիս են ներկայացումներին, մեզ համար ամեն անգամ հոբելյան է»,- ասաց նա:
ԸՍՏ «ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿԻ»
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացվելու է երիտասարդ ռեժիսոր Աիդա Սիմոնի «Պռո-Շամիրամ» (ըստ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» պոեմի) նախագիծը, ինչպես նաև Հայկուհի Խուդավերդյանի 70-ամյակին նվիրված Ջերոմ Քիթլիի «Սիրելի ստախոս» կատակերգությունը` հոբելյարի մասնակցությամբ:

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Պետական աջակցությամբ մինչև տարեվերջ պետական և մասնավոր թատրոնների ու թատերախմբերի խաղացանկերը կհամալրվեն 6 նոր ներկայացումով, այդ թվում` երիտասարդական և մանկապատանեկան նախագծերով: Ընդհանուր առմամբ, պետական աջակցությամբ 2013-ին իրականացվել և իրականացվում են ավելի քան 22 թատերական ծրագրեր ու նախագծեր: Աշնանը թատրոնների մեծ մասը հյուրախաղերով հանդես կգա Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում:
Միջազգային փառատոների կմասնակցեն և արտերկրում հյուրախաղերով հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական (Անգլիա), Համազգային պետական (ԱՄՆ) և Մնջախաղի պետական (Գերմանիա և ՌԴ) թատրոնները: Ծավալուն բեմադրական փորձեր է սկսում Մնջախաղի պետական թատրոնը (հայ միջնադարյան մանրանկարչության մոտիվներով` «Այծծես»` բեմադրիչ Ժիրայր Դադասյան): «Հայֆեստ» և «Կին» միջազգային փառատոների անցկացմամբ պայմանավորված` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծանրաբեռնված կաշխատեն Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական և Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնների դահլիճները: Բոլոր պետական թատրոնները հոկտեմբերից սկսած կիրականացնեն ամանորյան մանկական զվարճալի ներկայացումների բեմադրական աշխատանքներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ